Կոմիտաս
Բարև իմ սիրելի դիտող

Կոմիտաս

Ես սիրեցի անփուշ վարդ
Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Անմար սեր
Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝

Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Աշուն կյանք
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

Իմ երազում
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more